Ապրիլի 10-ին Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 80-րդ հանդիպումը:
Թեման՝ «ԱՇԽԱՐՀԻ ՆԱԽԱԼԵԶՈՒՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾԱԳՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏՈՎ»:
Զեկուցումը նվիրված էր այն խնդրի լուսաբանմանը, որ 19-րդ դարում լեզվաբանության մեջ աշխարհի լեզուները դասակարգվեցին 60 լեզվաընտանիքների, առանց քննելու՝ կան արդյոք երկրագնդի վրա 60 համապատասխան վայրեր, որտեղ կարող էր առաջանալ մարդը և գոյատևել բարենպաստ պայմաններում։ Կատարվում է լայն ֆորմատի հետազոտություն և ներկայացվում, որ կարելի է գտնել միայն 5-8 նման վայրեր, թեև հնէամարդաբանությունը միայն Արևելյան Աֆրիկան է հռչակել որպես մարդկային արարման վայր։
Բանախոս՝ Հրաչիկ Հակոբջանյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Բրյուսովի պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի դոցենտ, «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի հիմնադիր անդամ:
Մարտի 28–ին Քարահունջ Հայագիտական Կենտրոնի անդամներով և ընկերներով այցելեցինք Հասմիկ Բաղրամյանի՝ Բյուրականում գտնվող «Տոնացույց» հյուրատուն՝ ուշացումով նշելու գարնանային օրահավասարը՝ Արևի հաղթանակը, ինչպես նաև Ծառզարդարի / Ծաղկազարդի տոնը։
Ճանապարհ ընկանք առավոտյան և, մինչև Բյուրական հասնելը, կանգ առանք Ագարակում՝ հաղորդակցվելու արագիլների հետ, քանի որ դա անելու համար սա տարվա ամենանպաստավոր շրջանն է՝ Թռչնագալուստը։ Կանգ առանք արագիլների բների առջև և սկսեցինք նրանց համար երգել հայկական ավանդական երգեր։ Տեղի ունեցավ ամենազարմանալին։ Իրենց հերթին արագիլներն արձագանքեցին մեր երգերին, սկսեցին մեզ հետ երգել և սավառնել մեր գլխավերևով։ Այդ պահը վերածվեց մի յուրահատուկ և կենդանի երկխոսության՝ մարդու ու բնության միջև։
Այդ տպավորիչ հանդիպումից հետո այցելեցինք նաև Ագարակի Թուխ Մանուկ հնավայրը, որտեղ մի պահ ևս զգացինք հողի ու ժամանակի շունչը։
Հաջորդ կանգառը ձնծաղիկների դաշտն էր, որտեղ ևս յուրահատուկ ծես անցկացրինք։ Խոսեցինք ձնծաղիկների հետ, այնուհետև յուրաքանչյուրս մի ձնծաղիկ քաղեց և քսեց աչքերին՝ այն խորհրդով, որ աչքներս լույս լինեն ամբողջ տարին, միշտ գեղեցկություն տեսնենք։
Վերջապես ժամանեցինք «Տոնացույց» հյուրատուն և, օգտվելով առիթից, որ Ծառազարդի տոնն էր, հիմնեցինք մեր կենտրոնի կենաց ծառն ու բոլորով զարդարեցինք այն, ինչից հետո սեղան նստեցինք՝ լի հնագույն, անգամ նախաքրիստոնեական բաղադրատոմսով պատրաստված, տոնին համահունչ ուտեստներով։ Համտեսեցինք, օրինակ, Թթու մախոխ, լոբապուր, ավելուկով պոչապուր, սիսեռով կոլոլակ, հատիկ ածիկ, հազարով սնկով փլավ և պահքի հալվա։
Ինչպես միշտ, այս անգամ ևս վարեցինք հետաքրքիր զրույցներ, երգեցինք Թռչնագալուստին նվիրված երգեր, պարեցինք շորոր պարեր՝ կռնգոցիներ։
Երեկոյան վերադարձանք Երևան՝ լցված օրվա տպավորություններով, սիրով ու մի առանձնահատուկ ներքին բերկրանքով, որը երկար է մնում մարդու հետ՝ հիշեցնելով, թե որքան կարևոր է երբեմն կտրվել առօրյա շտապողականությունից և վերադառնալ մեր արմատներին։
Ապրիլի 3-ին Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 79-րդ հանդիպումը:
Թեման՝ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի 2025 թ․ իրականացրած պեղումների էական արդյունքները (Սիլիկյան թաղամասի նախախեցեգործական նոր քարի դարի նորահայտ բնակատեղի, Աղավնատուն՝ դամբարաններ և ժայռապատկերներ)․ նորահայտումներ, խնդիրներ, արմատացած տեսակետների վերլուծումներ, պատմամշակութային նոր մեկնաբանություններ»։
Բանախոս՝ Հակոբ Սիմոնյան, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ։ Ղեկավարել է նաև Շենգավթի,Աղցքի հայոց արքաների դամբարանի, Կարմիր Բլուրի դամբարանադաշտի, Ծիծեռնավանքի, Ներին Նավերի և բազմաթիվ այլ հնավայրերի պեղումները։
Խոսեցինք հիմնականում Սիլիկյան թաղամասի բացահայտումների մասին, որտեղ գրանցվել են արտառոց արդյունքներ՝ այն Արաքս գետից հյուսիս ընկած ամենահնագույն բնակատեղին է՝ 15000 տարվա վաղեմության:
Մարտի 27-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 78-րդ հանդիպումը, որը իրականացվում է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ:
Թեման՝ «Հայ նավաշինության և նավագնացության պատմության ակնարկներ»։
Բանախոս՝ Գրիգոր Բեգլարյան, աշխարհագրագետ, քարտեզագիր, «ԱՏԼԱՍ Հայաստանեայց Աշխարհի» գրքի հեղինակ, «Կիլիկիա» նավի բոցման։
Բանախոսությունը ներառեց հնագույն դարաշրջանը՝ Ք.ա. 3-րդ հազարամյակից մինչև վաղ միջնադար, այդ թվում առասպելներ և բանահյուսություն; ապա՝ Կիլիկիայի ծովային պատմությունն իբրև հայ պետական ծովագնացության նմուշ; և վերջապես, նոր և նորագույն շրջաններ, ներառյալ միջազգային ծովային իրավունքի և 17-18-րդ դարերի հայ ծովագնացության բացառիկ օրինակներ։ Նաև շոշափվեցին ծովային եզրույթների և տեղանունների հարցեր, ինչպես նաև համաշխարհային ծովագնացությանն առնչվող հայերի ակնհայտ ներդրման ապացույցներ։
Մարտի 20-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «Էնմերկարը և Էնսուխգիրաննան» գրքի շնորհանդեսը։ Սա Արատտային նվիրված վիպասանքի առաջին վիպերգն է (երկրորդը և երրորդը արդեն հրատարակված են)։
Վիպերգը շումերերենից թարգմանել և ծանոթագրել է Արմեն Դավթյանը՝ բանասեր, շումերագետ, Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի գիտաշխատող։
2025 թվականի հունիսի 21-22-ին «Քարահունջ հայագիտական կենտրոնը» գործընկեր կազմակերպությունների հետ միասին հանդիսավոր կերպով տոնեց Ամառային արևադարձը Քարահունջ աստղադիտարանում։
Ամառային արևադարձի խորհուրդը՝ որպես բնության և տիեզերական ցիկլերի կարևորագույն հանգրվան, ստացավ առանձնահատուկ հնչեղություն Քարահունջում՝ հին աստղադիտարանի տարածքում։
Երկօրյա տոնակատարության ողջ ընթացքը ամբողջացվել և ներկայացվել է ֆիլմի տեսքով։